
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր նվերն է մատուցում մայրաքաղաքին՝ նվիրելով Երևանի 2800-ամյակի այգի։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված ժամանակացույցով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Այգում արդեն ամիսներ շարունակ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, որոնք պետք է ավարտին հասցվեն Երևանի 2800-ամյակին ընդառաջ:
Նա հավելել է, որ սեպտեմբերին Երևանն ունենալու է բարեկարգ և ժամանակակից լուծումներով մի այգի, որը միայն ու միայն ծառայելու է հենց հանգստի ու զբոսանքի նպատակով:


Սոցցանցերում Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող՝ Երևանի 2800-ամյակի այգու լուսանկարներ են տարածվում, որոնց համաձայն նախկինում այդտեղ գտնվող ծառերը հատվել են, ինչը բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացրել:
Երևանի քաղաքապետարանն իր հերթին պարզաբանում է տարածել, ըստ որի դեռ 2018-ի փետրվարին տեղեկացրել են, որ Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, «մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր»:
Պարզաբանման համաձայն, բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ «նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»: