8 ապրիլի 2008 - 19:06 AMT
ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ համագործակցությունը չպետք է սահմանափակել որեւէ առանձին ոլորտի շրջանակներում
ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշռող մասը չէր կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ իրենց անկախության համար պայքարող ժողովուրդները Միավորված ազգերի համակարգում ճանաչվում են որպես ժամանակակից միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ: Այս տեսակետը հիմնվում է միջազգային իրավունքի այն սկզբունքների վրա, որոնք արձանագրում են ժողովրդի իրավասուբյեկտությունը հանուն իր ազատագրման մղվող պայքարում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:
Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի` Ղարաբաղում ապրող մասի միջազգային իրավասուբյեկտությունը ամրագրված է այն քաղաքական եւ իրավաբանական փաստով, որ ավելի քան 16 տարի է, ինչ անընդհատ եւ արդյունավետ կերպով գործում են օրինական, ժողովրդավարական եղանակով ընտրված ԼՂՀ իշխանությունները, որոնք ձեւավորվել են 1990 թ. ԽՍՀՄ օրենքի իրավակիրարկման շրջանում` մինչեւ ԽՍՀՄ լուծարման մասին 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը, անցկացված հանրաքվեով: «Այսպիսով` անկասկած կան միջազգային-իրավական հիմքեր ՀՀ եւ ԼՂՀ միջեւ միջազգային պայմանագրեր կնքելու համար: Հայկական կողմի զիջումներին համազոր պատասխան զիջումներից Ադրբեջանի հրաժարման շարունակման դեպքում ԼՂՀ-ն իրավունք կունենա, հաշվի առնելով պատմության դասերը, միջազգային սկզբունքներն ու նորմերը, ԵԱՀԿ հանձնարարականները, տարածաշրջանային խաղաղության պահպանման ավելի արդյունավետ միջոցների եւ կայուն ու անվտանգ զարգացման մոդելի ընտրության շուրջ դիմել ՀՀ-ի հետ բանակցությունների: Իմ կարծիքով` այս փուլում նպատակահարմար է, շարունակելով պաշտպանության ոլորտում գործնական փոխգործությունը, ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ համագործակցությունը չսահմանափակել որեւէ առանձին ոլորտի շրջանակներում»,- ասել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: