9 ապրիլի 2008 - 14:43 AMT
Կոսովոյում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը
Ապրիլի 8-ին Պրիշտինայում ԱՄՆ-ի ներկայացուցչությունը վերածվեց Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպանատան: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մըքքորմակը: Նրա խոսքերով, երեքշաբթի տեղի ունեցավ դեսպանատան հանդիսավոր բացումը մամուլի եւ Կոսովոյի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ամերիկյան դեսպանատան բացումը Պրիշտինայում ընդգծում է ԱՄՆ-ի ձգտումը կայուն երկկողմ հարաբերություններ հաստատել Կոսովոյի հետ»,-ասել է Մըքքորմակը, հաղորդում է Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:
Կոսովոն անկախություն հռչակելց Սերբիայից 2008թ. փետրվարի 17-ին: Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել են 36 պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները: Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, Հունաստանը դեմ են երկրամասի անկախության ճանաչմանը, համարելով դա միջազգային իրավունքի խախտում: