9 ապրիլի 2008 - 16:05 AMT
Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը
Ապրիլի 9-ին Երեւանում, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում` ՀՀ խորհրդարանի հանդիսավոր նիստի ժամանակ տեղի ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը: Հայաստանի նոր նախագահը երդվեց երկրի Սահմանադրության եւ VII դարի Աստվածաշնչի վրա: «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Ըստ ՀՀ Սահմանադրության, պաշտոնի ստանձնումը տեղի է ունենում նախագահական ընտրությունների 50-րդ օրը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում: Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակեց Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, հավաքելով ձայների 52,8 տոկոսը: