9 ապրիլի 2008 - 21:33 AMT
Մեթյու Բրայզա. Որոշակի պահի Ղարաբաղը կարող է միանալ բանակցություններին
Որոշակի պահի Ստեփանակերտը կարող է միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Ընդ որում, նա հավելել է, որ այսօր բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին չարժէ խոսել:

Ամերիկացի դիվանագետը նաեւ հայտարարել է, հղում կատարելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, որ Բաքուն չի փորձում ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նրա խոսքերով, եւ Երեւանում, եւ Բաքվում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ընդհանուր լեզու գտնել: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները: Ընդ որում, Մեթյու Բրայզան հավելել է, որ անկախ ԵԱՀԿ ՄԽ գոյությունից, ԱՄՆ-ն կարեւոր դերակատարություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ամերիկացի դիվանագետը դրական է գնահատել Մինսկի խմբի աշխատանքը, նշելով, որ մինչեւ այս պահը շատ բանի են հասել, սակայն առջեւում դեռ շատ աշխատանք կա, քանի որ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը դեռեւս ավարտված չէ: