Մոսկվան կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա, կա կարգավորումը մոտեցնելու ցանկություն:
«Կա ցանկություն մոտեցնել հակամարտության կարգավորումն այնպիսի միջոցներով, որոնք ընդունված են և քաղաքակիրթ, որոնք, իրոք, հաստատել են իրենց արդյունավետությունը: Մենք շատ ակտիվ դերակատարություն ենք ունեցել և հետագայում ևս կշարունակենք դա անել»,-ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։