10 ապրիլի 2008 - 18:10 AMT
Թուրքիան նախազգուշացնում է, որ Կնեսետում Հայոց ցեղասպանության քննարկումը կվնասի Անկարա- Թել-Ավիվ հարաբերությունների՞ն
Պաշտոնական Անկարան դեմ է Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, քանի որ գտնում է, որ «դա կվնասի թուրք-իսրայելյան ռազմավարական հարաբերություններին»: Ինչպես հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրատ Մերջանը, այդ հարցը «շատ նրբին է թուրք հասարակության համար, եւ մենք չէինք ցանկանա, որպեսզի այց հարցը քննարկվեր իսրայելյան խորհրդարանում»:
Իսրայելյան քաղաքական իստեբլիշմենտի դիրքորոշումը բավարարում է Անկարային, ասել է Մերջանը: «Մենք հանդիպել ենք եւ Իսրայելի նախագահին, եւ Կնեսետի խոսնակին, եւ վարչապետին, եւ ԱԳՆ ղեկավարին: Բոլոր այդ հանդիպումների ժամանակ մեր պատվիրակությունը ըմբռնումով է մոտեցել պաշտոնական Իսրայելի դիրքորոշմանը այդ հարցով: Մենք շնորհակալ ենք Իսրայելի ղեկավարությանը այդ խնդրի նկատմամաբ մոտեցման համար»,- հավելել է թուրք խորհրդարանականը:
«Իսկ մեր իսրայելցի բարեկամներին մենք խնդրել ենք բացատրել որոշ իսրայելցի քաղաքական գործիրներին, որ չարժէ «գրել» պատմությունը` ի վնաս Իսրայելի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերությանը»,- հայտնել է պրոֆեսոր Մերջանը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Կնեսետը առաջին անգամ սկզբունքային որոշում է ընդունել այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման քննարկվելու է իսրայելյան խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Առաջարկությունը ներկայացվել է Խաիմ Աուրոնի (ՄԵՐԵՑ) կողմից: Պատգամավոր Զաեւ Էլկինը («Կադիմա») առաջարկեց տվյալ թեման քննարկել կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Պատգամավոր Յոսեֆ Շագալը (ՆԴԻ) առաջարկեց, որպեսզի տվյալ հարցը քննարկվի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում: