13 սեպտեմբերի 2002 - 22:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼԱՏՎԻԱ
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ պաշտոնական այցով կմեկնի Լատվիա: Սեպտեմբերի 16-ին պատվիրակության անդամները կհանդիպեն Լատվիայի Սեյմի նախագահ Յանիս Ստրաումեին, պետական քարտուղար Մարիս Ռիեկստինշին եւ վարչապետ Անդրիս Բերզինշին: Նույն օրն էլ կկայանան հայ խորհրդարանականների հանդիպումները Հայաստան-Լատվիա միջկառավարական համագործակցության խմբի եւ Սեյմի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամների հետ: Սեպտեմբերի 17-ին ՀՀ պատվիրակությանը կընդունի Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: Այնուհետեւ պատվիրակության անդամները կհանդիպեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սեյմի ներկայացուցիչներին, Ռիգայի քաղաքապետ Հունդարս Բոյարսին, Լատվիայի գիտության եւ կրթության նախարար Կառլիս Գրեյշկալնսին, հայ համայնքի ներկայացուցիչներին: Սեպտեմբերի 18-ին կողմերը կստորագրեն Լատվիայի Հանրապետության Սեյմի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ Եվրամիության օրենսդրությանը իրենց ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման գործում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն: