10 ապրիլի 2008 - 20:41 AMT
Ժոզե Մանուել Բարոզոն հուսով է, որ համագործակցությունը Հայաստանի հետ հետագայում եւս կզարգանա
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն շնորհավորական ուղղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, Եվրոպական հանձնաժողովի անունից ուզում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական հանձնաժողովը հուսով է, որ հարաբերությունները Ձեր երկրի հետ կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել Եվրոպական միություն - Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողության ծրագրի միջոցով:

Ձեր կառավարությունը կանգնած է այնպիսի կարեւոր մարտահրավերների առջեւ, ինչպիսիք են քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների խթանումը եւ իրականացումը, որոնք ընդգրկում են ժողովրդավարական գործընթացի կայունացումը եւ տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաղացիական հասարակության հետ երկխոսությունը: Ես կցանկանայի ընդգծել, որ չնայած Հայաստանում առկա ընթացիկ ներքին դժվարություններին, Եվրոպական հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում աջակցել մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա հիմնված բարգավաճ պետություն կառուցելու ջանքերին` համատեղ վարելով բարեհաջող տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն:

Այսպիսով, ես հուսով եմ, որ Ձեր կառավարությունը կկարողանա խորացնել ժողովրդավարության գործընթացը` մասնավորապես ապահովելով ԵԱՀԿ եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Այս առումով ես վստահ եմ, որ 2008 թ. միջազգային դիտորդների առաքելության կողմից հայտնաբերված թերությունները պատշաճ արձագանք կստանան: Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ այս բոլոր հարցերն իմ ուշադրության կիզակետում են»: