ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Նա նշել է, որ պետք է առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։
«Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում», - ասել է նախագահը՝ հորդորելով հայ ժողովրդին միասին սկսել կերտել վաղվա Հայաստանը՝ «գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր»։
Նախագահն իր ուղերձում նշել է, որ 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:
»Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների», - ասել է Սարգսյանը։