11 ապրիլի 2008 - 17:56 AMT
ԼՂՀ. Հայկական կողմերը պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի դիրքորոշման կոշտացմանն ի պատասխան
«Չեմ կարծում, թե ԼՂՀ իշխանությունները պետք է ԼՂՀ ճանաչմանն ուղղված իրենց յուրաքանչյուր քայլը համաձայնեցնեն Հայաստանի հետ: Անկախությունը Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունն է, հաստատված հանրաքվեի միջոցով եւ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությամբ: Եվ մենք պարտավոր ենք կատարել մեր ժողովրդի կամքը»,- հայտարարել է խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Նրա կարծիքով, թե որքանով է դա համատեղելի Հայաստանի, այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշման հետ, դա արդեն դիվանագիտության եւ բանակցողների գործն է: «Ղարաբաղյան կողմը երբեք չի ասել, թե մադրիդյան սկզբունքներն ընդունելի են մեզ համար: Այդ սկզբունքներն ի սկզբանե անընդունելի էին մեզ համար»,-հայտարարել է Վահրամ Աթանեսյանը:

Իր հերթին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ասել է, թե Ադրբեջանը ձգտում է ստանալ առավելագույնը բանակցային գործընթացից: «Ադրբեջանը կոշտացրել է իր դիրքորոշումը: Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմերը պետք է համապատասխան եզրակացություններ անեն եւ համարժեք քայլեր ձեռնարկեն: ԼՂՀ-ի անկախության ու ազատության հարցը չի կարող քննարկումների առարկա լինել»,-ընդգծել է Պետրոսյանը, հաղորդում է Karabakh-Open-ը: