30 մայիսի 2018 - 13:06 AMT
Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է։ Ամբաստանյալները չէին բերվել դատարան։

Դատարանը հայտարարել է, որ ստացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Մարտիրոսյանի գրությունը, որը հայտնել է, որ այս գործով ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դահլիճում աղմուկ է բարձրացել, նիստին ներկաները պահանջում էին բացատրություն։ Դատարանը հայտարարել է, որ գրությունը ստացել են նիստի մեկնարկից 15 րոպե առաջ և իրենց համար էլ էր դա անակնկալ։

Չկարողանալով դադարեցնել աղմուկը՝ դատարանը հետաձգել է նիստը: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 6-ին ժամը 12-ին։

Մարտի 20-ին դատարանը Սեֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Դատավորն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում` որպես ապացույց վկայակոչելով, օրինակ, «տարաբնույթ սադրիչ ելույթները, կոչերը», որոնցով մարդկանց տրամադրել է «իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների»: