12 ապրիլի 2008 - 17:29 AMT
Ճանաչելով իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար` Թուրքիան կկարողանա մեղմացնել իր մեղքը
«Ապրիլի 24-ին, հարգելով Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, մենք մեր բողոքն ենք հայտնում Թուրքիայի աննախադեպ դիրքորոշման դեմ, որը խոչընդոտում է Ցեղասպանության թեմայի ցանկացած քննարկման եւ փորձում է մեղքը բարդել Ցեղասպանության զոհերի վրա` պնդելով, որ իրենք են հրահրել բռնության կիրառումը»,-ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Բեռլինի հայ համայնքի հայտարարության մեջ: «Նրանք, ով անմիջական մասնակցություն չեն ունեցել հայերի ջարդերին, եղել են այդ իրադարձությունների վկաները, եւ միանգամայն ակնհայտ է, որ հանցագործները գործել են այդ վկաների համաձայնությամբ: Հետեւաբար, նրանք եւս պատասխանատվություն են կրում եւ մեղավոր են Ցեղասպանության իրագործման համար»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակներն ընդգծում են նաեւ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմության մի մասն է կազմում, այլ նաեւ արտացոլում է այսօրվա Թուրքիայի ամբողջական պատկերը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ճանաչելով պատասխանատվությունը մարդկության դեմ կատարված հանցագործության համար, Թուրքիան կկարողանա մեղմացնել իր մեղքը, հակառակ դեպքում Թուրքիան կպահպանի Հայոց ցեղասպանության համար մեղավորի խարանը նաեւ հաջորդ սերունդների աչքերում: