Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մետրոն կաթվածահար է՝ մեքենավարները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը:
«Մետրոպոլիտենը կաթվածահար է, համատարած գործադուլ է: Բողոքը կշարունակվի մինչև աշխատավարձերի բարձրացումը՝ մենք պահաջում ենք ժամում 10 լարի (մոտ $4), իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ աշխատավարձերի բարձրացում 45%-ով: Մետրոն կբացվի այն ժամանակ, երբ մեր պահանջները բավարարվեն»,- ասել է մեքենավար Բեսո Գոգիչաիշվիլին, հայտնում է «Sputnik Գրուզիան»:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դատապարտել է մեքենավարների գործողությունները: «Ես թույլ չեմ տա, որ քաղաքի բնակչությունը տուժի շանտաժից և անհասկանալի վերջնագրերից: Այն, որ այսօր մետրոպոլիտենը չի աշխատում և չի ապահովում ուղևորների փոխադրումը, կարելի է որպես շանտաժ գնահատել»,- ասել է Կալաձեն ճեպազրույցում:
Քաղաքապետը նշել է, որ եթե որոշում կայացնի հօգուտ մեքենավարների, դա անարդար կլինի քաղաքային ծառայությունների մյուս աշխատակիցների նկատմամբ:
Կալաձեն հայտարարել է, որ խուսափելու համար տրանսպորտային կոլապսից, ուղևորափոխադրումն ավտոբուսով անվճար կլինի: