5 հունիսի 2018 - 11:54 AMT
Սյունիքում Ոչխարների խուզման փառատոնին բրիտանացի խուզողներ կմասնակցեն

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի կունենա Ոչխարների խուզման փառատոնը:

Արտերկրից հրավիրված են փորձառու ոչխար խուզողներ, որոնք ցուցադրական դասընթաց կանցկացնեն Փառատոնի մասնակիցների և այցելուների համար: Մասնավորապես, խուզողներ կլինեն Մեծ Բրիտանիայից և հարևան Վրաստանից:

Կանցկացվի ոչխարների խուզման մրցույթ (տարածաշրջանի համայնքների լավագույն խուզողների միջև), այլ մրցույթներ և խաղեր, ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ցուցահանդես-վաճառքում իրենց արտադրանքն են ներկայացնելու Վայոց Ձորի և Սյունիքի համայնքները և տեղի արտադրողները: Կհնչի ազգային կենդանի երաժշտություն, պար, կանցկացվեն երեխաների համար նախատեսված խաղեր:

Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court): Տարածքում կգործի նաև բացօթյա սրճարան և մանկական խաղահրապարակ:

Մասնակից համայնքների ցուցակը և շոու-ծրագրի մանրամասները կհրապարակվեն հավելյալ: