Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ կան, հատկապես, պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր: Նա նաև ողջունել և կարևորել է Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրերը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում:
Վարչապետ Փաշինյանը նույնպես կարևորել է Եվրոպական միության հետ գործակցության շարունակական զարգացումը և անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետի խոսքով՝ ստեղծված բարենպաստ մթնոլորտը նոր խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում բարեփոխումների և արմատական փոփոխությունների իրականացման համար:
Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է և գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտիների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելուն, ներդրումների ներգրավմանը և այլն: