ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում: Նա վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում:
Իր կողմից նախագահն ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Դեսպան Կոպիրկինը Հանրապետության նախագահին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Նա վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: