16 ապրիլի 2008 - 18:12 AMT
Արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանությունը մշտապես եղել եւ մնալու են գերակայություն Հայաստանի համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նշելով, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվեցին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, Սերժ Սարգսյանն ասել է, որ դա, իհարկե, զուգադիպություն էր, սակայն այդ զուգադիպությունը նաեւ խորհուրդ ունի: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում նամանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը եւ ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար: Ես հորդորում եմ մեր դիվանագետներին` մշտապես հիշել եւ ղեկավարվել այս սկզբունքով»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նախագահի խոսքով, արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանությունը մշտապես եղել եւ մնալու են գերակայություն:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ոչ միայն մեր դիվանագետներն, այլեւ` հասարակության մի զգալի հատվածը ճանաչում են նորանշանակ նախարար Նալբանդյանին, գնահատում են նրա գործունեությունը, մասնագիտական ունակությունները եւ ամենակարեւորն` աշխատանքի արդյունքը: Նա համոզմունք է հայտնել, որ նոր պաշտոնում Էդվարդ Նալբանդյանը կկարողանա առավելագույնս բացահայտել իր կարողությունները եւ օգտակար լինել մեր երկրին:

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, ասել է, որ պաշտոնը ստանձնում է պատասխանատվության մեծ գիտակցությամբ եւ պատրաստ է բազմապատկել իր եւ գործընկերների ջանքերն ու հնարավորությունները` լուծելու արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրները: Նա կարեւորել է գործունեության կազմակերպումը ժամանակի պահանջներին համահունչ, հանրային աջակցությունը եւ միասնական թիմով ամենօրյա տքնաջան աշխատանքը: Վարդան Օսկանյանը շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարարության աշխատակազմին եւ նշել, որ առանց նրանց նվիրական աշխատանքի հաջողության հասնելն անհնարին կլիներ: Նա պատրաստակամություն է հայտել իր կուտակած փորձն ու գիտելիքները հետայսու եւս ծառայեցնել Հայաստանի հզորացմանը: