14 հունիսի 2018 - 15:56 AMT
Արցախի պետնախարար. Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի

Հայրենադարձությունը գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և առկա հնարավորությունների սահմաններում տարեցտարի դրան նոր թափ է հաղորդվելու: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:

Այցի սկզբում Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին:

Այնուհետև Մարտիրոսյանն այցելել է շրջանի հարավային թևի՝ վերջերս տեղացած կարկուտից ամբողջովին վնասված հացահատիկային մշակաբույսերի դաշտեր և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով Իշխանաձոր համայնքում մշակվող տնտեսություն, որտեղ մոտ 40 հեկտարի վրա աճեցվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Անդրադառնալով մոտ 70 աշխատատեղ ապահովող այս տնտեսության գործունեությանը՝ պետնախարարը հորդորել է շարունակել աշխատանքները նոր թափով, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իշխանաձորում Մարտիրոսյանն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամաս, որտեղ ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված 50 առանձնատների շինարարությունը: Պետնախարարը ծանոթացել է նոր բնակարանների պայմաններին և շեշտել, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Այստեղ նա անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Անդրադառնալով կարկտահարության հետևանքով տուժած հողօգտագործողների խնդրին՝ Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքում հաշվի կառնվեն նաև հողօգտագործողների կարծիքները, և որոշում կկայացվի պետական աջակցության ձևի ու չափի մասին: Պետնախարարը հավաստիացրել է, որ բնակարանների վերանորոգման համար պետական աջակցությամբ հատկացվող շինանյութերի ծրագիրն առաջիկայում ավելի կկանոնակարգվի, կմեծացվեն տրամադրվող շինանյութի ծավալները։

Օրվա երկրորդ կեսին պետնախարարն ուղևորվել է Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է վերաբնակիչների համար տեղադրված ժամանակակից կահավորմամբ նոր տնակների տեղադրման ընթացքին, համայնքում իրականացվող ծրագրերին և խոստացել, որ բնակավայրի նկատմամբ պետական ուշադրության պակաս չի լինելու:

Հունիսի 6-ին Արցախի ֆինանսների նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է պետական նախարար (վարչապետ) փոխարինելով Արայիկ Հարությունյանին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բարեգործական հիմունքներով ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ բնակարանաշինության հաջողված ծրագրեր են իրականացվել Աղավնո (Արիավան) բնակավայրում, Նոր Կիլիկիա թաղամասում և Իշխանաձոր համայնքում: