Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ հարգելով անմեղության կանխավարկածը, չի խոչընդոտելու Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությանն ու կողմ է քվեարկելու գլխավոր դատախազի միջնորդություններին։ Այս մասին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Եթե մեղադրանքները հաստատվեն, օրենքի ողջ խստությամբ մեղավորները պետք է պատժվեն», - ասել է նա։
Դատախազի միջնորդությունները վերաբերվում են Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն ու որպես մեղադրյալ հարուցված քրգործերում ներգրավելուն։
Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։