19 ապրիլի 2008 - 17:01 AMT
Ապրիլի 21-ին Երեւանում կբացվի «Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում. 1860-1914թթ.» ցուցահանդեսը
Ապրիլի 21-ին Երեւանի Ճարտարապետության ազգային թանգարանում կբացվի «Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում. 1860-1914թթ.» լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել «Շուշի» բարեգործական հիմնադրամում, ցուցադրելով Արեւմտյան Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքը, գործիչներին, բնակավայրերը, պաշտամունքային հուշարձանները, տարբեր շրջաններին յուրահատուկ տարազը եւ արհեստները մինչեւ 1914 թվականը պատկերող լուսանկարները, նոր մոտեցում է առաջարկում Հայ դատի խնդրում: Մենք ամենեւին էլ դեմ չենք 1915-ի Մեծ եղեռնի լուսանկարները ցուցադրելուն: Սակայն պակաս դեր չունի մինչեւ եղեռնը Արեւմտյան Հայաստանի հայկական կյանքի վավերագրերը քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելը: Դրանք այն անհերքելի վկայությունն են, որ Վանի, Կարսի, Էրզրումի, Սեբաստիայի, Խարբերդի ու Դիարբեքիրի նահանգները հայերի հայրենիքն է: Հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանի խոսքերով, «Հավաքածուից ընտրել եւ ներկայացնում ենք մինչեւ 1914 թ. նկարահանած 220 լուսանկարներ: Ձգտել ենք հնարավորին չափ շատ եւ ճշգրիտ տեղեկություն տալ լուսանկարներում պատկերված անձանց, բնակավայրերի, հուշարձանների, հեղինակ լուսանկարիչների, լուսանկարը ստեղծելու ստույգ թվականի ինչպես եւ լուսանկարների բնօրինակների պահպանման վայրի կամ աղբյուրի մասին»:

«Մեզ այդպես էլ չհաջողվեց ցուցադրվող լուսանկարների կատալոգ տպագրել` ֆինանսական համապատասխան հնարավորություն չունենալու պատճառով: Իսկ ալբոմի մասին միայն կարելի է երազել: Կցանկանայինք այս ցուցահանդեսը ներկայացնել արտերկրում, մանավանդ ԱՄՆ-ում` 106-րդ բանաձեւի քննարկումից առաջ: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ ազգագրության պետական թանգարանի, Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Երեւան քաղաքի թանգարանի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի կոլեկտիվներին, ինչպես եւ մի շարք անձանց, որոնք մեզ տրամադրած լուսանկարներով օգնեցին ցուցահանդեսի կազմակերպման գործում: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ անհասկանալի պատճառներով հրաժարվել են մեզ օգնել Հայաստանի պատմության թանգարանում: Ադրբեջանի պատմության թանգարանում եւս հայության վերաբերյալ բավական լուսանկարներ են պահվում, սակայն, հասկանալի պատճառներով նրանցից օգնություն չենք ակնկալում»,-ասել է Կարապետյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մաին ընդունվեց 2007թ. հոկտեմբերի 10-ին Արտաքին գործերի կոմիտեում, բուն քվեարկությունը դեռեւս չի եղել:

Բ.Կարապետյանը հավելել է նաեւ, որ «Շուշի» ԲՀ-ն հավաքել է հայության մասին պատմող ավելի քան յոթ հազար հնատիպ լուսանկարներ: Լուսանկարների կեսը ցուցադրվում են www.avetis.org վեբ կայքում: Արեւմտահայաստանի մասին պատմող ցուցահանդեսը այս ուղղությամբ մեր երկրորդ ձեռնարկն է: Առաջինը Շուշի բերդաքաղաքին նվիրված ցուցահանդեսն էր, որը ներկայացվել է Մոսկվայում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Հիմնադրամը Սարդարապատի 90-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կառավարությանն առաջարկել է «Սարդարապատի ճակատամարտը լուսանկարներում» խորագրով ցուցահանդես կազմակերպել, որտեղ կարող ենք 300 լուսանկար ներկայացնել: Դեռեւս պատասխան չենք ստացել»:

1918թ. մայիսի 28-ին հայկական զորքերը Սարդարապատում կանգնեցրին մեծաքանական թուրքական բանակի հարձակումը, որը մտադիր էր գրավել եւ ոչնչացնել Հայաստանի Առաջին Հանրապետությունը: