25 հունիսի 2018 - 12:54 AMT
Պետդումայի նախագահ. Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել ԼՂ հարցում

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին...Բոլոր նրանք, ովքեր կողմ են հարաբերությունների սրացմանը, ով չի ցանկանում լսել, որ ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել, անշուշտ, լարվածության ճանապարհով են գնում: Մենք պետք է ամեն ինչ անենք կանխելու համար այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Վոլոդինը:

ՌԴ Պետդումայի պատվիրակությունը խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ Ադրբեջան է ժամանել հունիսի 24-ին: Սա Պետդումայի խոսնակի առաջին այցն է Ադրբեջան: