27 հունիսի 2018 - 12:10 AMT
Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում. Այն ինչ եղավ ու հնարավոր է ՀՀ-ում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է

Այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է: Այդ մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ արձագանքելով ադրբեջանցի պատգամավորների ելույթներին:

Նա ընդգծել է, որ արդեն մեկ տարի է՝ վեհաժողովում հանդես է գալիս որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար և այս ընթացքում իր ելույթներից ոչ մեկը նվիրված չի եղել Ադրբեջանին։ «Սակայն մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը մի միտք արտահայտեց, որին չեմ կարող չարձագանքել։ Տիկին Ֆատալիևան այնքան ոգևորված էր ներկայացնում Ադրբեջանում ընտրությունները և այնքան էր ջանում արժանանալու իր իշխանությունների գովեստին, որը ասաց հետևյալը, մեջբերում եմ. «Մենք անգամ չենք քննարկում Հայաստանում ընտրությունները, նրանք համարվել են թափանցիկ և ժողովրդավարական, բայց որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ և սկսվեցին զանգվածային ցույցեր»։

Իրականում մեր ադրբեջանցի գործընկերների կողմից նման վարքագիծը նորություն չէ, և նրանք միշտ թիրախավորում են Հայաստանը` իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Այնուամենայնիվ, չարձագանքել անհիմն հնչած մեղադրանքներին նվազագույնը ազնիվ չէ իմ երկրի նկատմամբ։ Իրոք, տիկին Ֆատալիևա, Հայաստանում ընտրությունները թափանցիկ և ժողովրդավարական էին. նման գնահատականներ պաշտոնապես տրվել են բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից»,-ասել է ԱԺ փոխնախագահը։

Նա հավելել է, որ երբ պարզ դարձավ, որ երկրում առկա քաղաքական տրամադրությունները այլ են և չեն համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին նախկին վարչապետը և կառավարությունը հրաժարական տվեցին և հանձնեցին իշխանությունը։ Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին և իմ երկրի ձեռքբերումն է։

«Ես հասկանում եմ, որ այս երևույթն անհավանական է թվում ժողովրդավարության «ալիևյան» ընկալման համար։ Դուք ձեր արժեքային համակարգով չեք հասկանա ինձ։ Հարց է ծագում ինչի համար ձեզ պետք է գովերգե՞ն։ Կարծում եմ, շատ բան չկա գովերգելու համար: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում ձեր երկրում մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների տեսանկյունից։ Բայց ,դուք բացառիկ երկիր եք ոչ միայն նրա համար, որ ներքաշված եք տարբեր միջազգային սկանդալներում, այլեւ նրանով, որ հաջողեցիք ձեր «արժեքները» բերել նույնիսկ այս Վեհաժողով, հաջողեցիք ստվեր գցել, թունավորել այս կազմակերպության արժեքային համակարգը։ Սրանք իմ գնահատականները չեն, սրանք արդեն փաստեր են:

Ազնվորեն, ես կարծում եմ, որ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր անհանգստացած են Ադրբեջանի ապագայով։ Ես դիմում եմ այդ մարդկանց. դուք իսկապես կարծում եք, որ ձեր ժողովրդավարությունն ապահով է, որ դուք խնդիրներ չունե՞ք։ Եթե այո՝ ապա «ամենայն բարիք» ձեզ։ Հիշեք՝ այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնել անգամ անհնար է»,-ասել է Հովհաննիսյանն իր ելույթում:

Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումներին, ապա ՀՀ պատվիրակության ղեկավարն ասել է՝ Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ թիվ մեկ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է:

«Եվ կխնդրեի , որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչու եք դուք այս օրերին կրկին զենք և զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում: Ուզում եմ ընդգծել. հույս մի դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»,-ասել է նա:

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակ էր հղել ԱՄՆ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են՝ իր մտահոգությունը հայտնելով Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ: