24 ապրիլի 2008 - 18:34 AMT
Կիեւում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կիեւում` Պոդոլում, XV դարի հայկական եկեղեցու հուշատախտակի մոտ կայացել է Կիեւի հայ համայնքի սգո հանրահավաքը: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն հայ զոհերի հոգեհանգստի արարողությունն անցկացրել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Սգո հանրահավաքին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության ղեկավարները, հայ եւ ուկրաինական հանրության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք:

Երեկոյան կայանալու է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որին ելույթ կունենան Ուկրաինայի Ազգային ռադիոընկերության ակադեմիական երգչախումբը եւ Ուկրաինայի Պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Մացոյան, հաղորդում է www.analitika.at.ua-ն: