24 ապրիլի 2008 - 19:57 AMT
Աշխարհաքաղաքական հարցերը հիմնական խոչընդոտն է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ճանապարհին
«Եթե Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, դա դեռ չի նշանակում, որ Իսրայելի ժողովուրդը եւս չի ճանաչում Ցեղասպանությունը»,- այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչ Մարսել Վեյլը: Նրա խոսքերով, աշխարհաքաղաքական հարցերը հիմնական խոչընդոտն է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ճանապարհին:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Կնեսետը առաջին անգամ սկզբունքային որոշում կայացրեց, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկվելու է Իսրայելի խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Առաջարկությունը ներկայացվել է պատգամավոր Խաիմ Օրոնի (ՄԵՐԵՑ) կողմից: Պատգամավոր Զեեւ Էլկինը (Կադիմա) առաջարկեց այդ թեման քննարկել կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Պատգամավոր Յոսեֆ Շագալը (ՆԴԻ) առաջարկել է, որպեսզի տվյալ հարցը քննակվի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովում:

Այդ կապակցությամբ, Թուրքիայի ներկայացուցիչներն սկսեցին հայտարարություններով հանդես գալ այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Կնեսետում բացասական կազդի Անկարայի եւ Թել-Ավիվի հարաբերությունների վրա: