10 հուլիսի 2018 - 13:22 AMT
ՀՔԾ․ Եթե Քոչարյանը չներկայանա առանց հիմնավոր պատճառների, հետախուզում կհայտարարվի

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե նա չներկայանա առանց հիմնավոր պատճառների, նրա հանդեպ հետախուզում կհայտարարվի։

Նրա խոսքով՝ նախկին ծանուցմանը Քոչարյանը չներկայանալու հիմնավոր պատճառներ չի ներկայացրել, սակայն հաշվի առնելով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, ՀՔԾ-ն, ըստ էության, ընդառաջել է և նոր ծանուցում է ուղարկել, հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը:

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հուլիսի 9-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են հուլիսի 6-ին ժամը 14-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15.30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։Սողոմոնյանը նաև ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է «Մարտի 1»-ի գործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:

Խաչատրյանը հայտարարել է, որ, հաշվի առնելով Քոչարյանի խոսնակի հայտարարությունը, ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության է կանչել հուլիսի 25-ից հետո:

Ըստ Խաչատրյանի, եթե Քոչարյանը կրկին հիմնավոր պատճառներ չներկայացնի ու չներկայանա, ապա ՀՔԾ-ն կդիմի օրենքով սահմանված կարգով նախատեսված գործողությունների, տվյալ պարագայում՝ վկան կա՛մ բերման կենթարկվի, կա՛մ նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ընթերցեք նաև. Քոչարյանը Մարտի 1-ի 0038 հրամանի մասին. Պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում