11 հուլիսի 2018 - 16:39 AMT
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Հուլիսի 11-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին գրառում է հրապարակվել Լոնդոնում ՀՀ դեսպանության թվիթերյան միկրոբլոգում:

Նշվում է, որ համաձայնագիրը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման համար:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: