12 հուլիսի 2018 - 13:29 AMT
Փաշինյան. Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել ՀՀ-ում հեղափոխությունից հետո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չէ ուղղված, դա նաև ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից լարվածության աճ էր տեսնում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Նա նաև նշել է, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ «հարձակում է նաև ժողովրդավարության դեմ»:

«Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», - ասել է Հայաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը «շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձի համար»:

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: