25 ապրիլի 2008 - 16:32 AMT
EAFJD. Եվրամիությունը հերքում է Հայոց ցեղասպանությունը Թուրքիային հաճոյանալու համար
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը (EAFJD) Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ հանրագիր է նախապատրաստել, որը ուղարկվելու է Եվրամիություն: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ավելի քան 10 տարի է Եվրամիությունը հերքում է Հայոց ցեղասպանությունը եւ ի վիճակի չէ արդարություն ցուցաբերել այդ հարցում: Եւ այդ ամենն արվում է ԵՄ երկրների քաղաքացիների անունից, առանց վերջիններիս համաձայնության եւ հաշվի չառնելով մարդկության դեմ ուղված ամենաահավոր հանցագործության մասին նրանց կարծիքը: Այդ ամենն արվում է Թուրքիային հաճոյանալու համար, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը հեշտացնելու համար, չնայած եվրոպացիների բացասական վերաբերմունքին դրա նկատմամբ:

«Թուրքիան ռասիստական, ռազմականացված եւ ազգայնամոլական երկիր է, որտեղ ամեն կերպ ընդգծվում է թուրք «ռասայի» գերազանցությունը, որտեղ ճնշվում է էթնիկ եւ մշակութային բազմազանությունը, որտեղ ոչնչացվում է ազգային փոքրամասնությունների ժառանգությունը: Դա նույն Թուրքիան է, որն իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, շարունակում է այն հերքել եւ բացարձակապես ի վիճակի չէ հետեւել եվրոպական արժեքներին»,- ասվում է հանրագրի մեջ եւ ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է պահանջեր Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հարցում: «Սակայն բախվելով թուրքական դիվանագիտության անհաշտության հետ, ավելի հեշտ եղավ փակել աչքերը Թուրքիայի հանցագործությունների, մերժողական քաղաքականության, ինչպես նաեւ մարդու իրավունքների այլ խախտումների վրա: Քանի որ ԵՄ-ն չի կարող ստիպել Թուրքիային հետեւել եվրոպական արժեքներին, ապա ակտիվորեն փորձում է «հակազդել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նկատմամբ բացասական վերաբերմունքին, որը կա որոշ հասարակական շրջաններում»: Այս տարի, ինչպես եւ առաջ, մեր վճարած հարկերից 40-60 մլն. եվրոն ծախսվել է «Եվրոպայի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսության հաստատման» ծրագրի իրականացման վրա»: Եւ դա այն 500 մլն-ի մի մասն է ընդամենը, որը ամեն տարի տրամադրվում է Եվրահանձնաժողովի կողմից թուրքական քրեական ռեժիմին:

2008 թվականի ապրիլի 24-ին մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում հաստատել մեր համերաշխությունը ցեղասպանությունների բոլոր զոհերի հետ. հայեր, հրեաներ, Դարֆուրի բնակիչներ, քանի որ ցեղասպանությունները, որոնք կատարվում են այսօր, հիմնված են նույն գաղփարախոսության վրա, ինչպես եւ այսօր հերքվող առաջին Ցեղասպանությունը, ինչպես եւ հերքով Հայոց ցեղասխանությունը թույլ են տալիս լռել այսօրվա զանգվածային հանցագործությունների հարցում»,- ասվում է EAFJD-ի հանրագրում: