ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հարցին, թե մասնավորապես ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, Մուսինյանը չմանրամասնեց՝ հավելելով, որ պաշտոնական տեղեկատվությունը պետք է ներկայացնի կառավարությունը:
14:05 Քիչ առաջ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպման մանրամասների մասին:
«Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: