
«Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ին դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։ Նա հայտարարել է, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը:
Խոսքը ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մասին է:
Պավել Մանուկյանը ևս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակն, ըստ նրա, Մխիթար Ավետիսյանն է, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Մինչդեռ Էդվարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, իսկ Արմեն Բիլյանը գտնվում է կալանքի տակ:
Դատական նիստը հետաձգվել է:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, հերքում է Մանուկյանի հայտարարությունը։ «Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
ՊՊԾ գնդում հարձակման ընթացքում, ըստ ՀՔԾ հաղորդագրության, զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։