28 ապրիլի 2008 - 13:42 AMT
Էրդողան. Բարիդրացիական հարաբերությունների կառուցումը առաջնային խնդիր է Հայաստանի եւ Թուրքիայի համար
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. « Հարգելի պարոն վարչապետ Թուրք ժողովրդի եւ անձամբ իմ անունից Ձերդ գերազանցությանն եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ես լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները կհասնեն մի մակարդակի, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, հանդարտությանը, կայունությանը եւ բարգավաճմանը»,-ասվում է ուղերձում:
Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ, որ «նույն աշխարհագրական դիրքը կիսող հարեւան երկրներ լինելով` գոյություն ունեցող խնդիրներին վերջնական լուծում տալը եւ երկխոսության միջոցով բարիդրացիական հարաբերությունների կառուցումը մեզ համար առաջնային խնդիրներից են»:
«Համոզված եմ, որ նոր փուլում, որն սկսվել է Հայաստանի 2008 թվականաի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններով, ինչպես նաեւ Ձերդ գերազանցության աջակցությամբ, երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթացում որոշակի քայլեր կարող են ձեռնարկվել: Այդ մտայնությամբ կցանկանայի ընդգծել, որ նախկինում ձեր կողմին ներկայացված մեր առաջարկությունները, որոնք մեր համոզմամբ կհեշտացնեն գործընթացի առաջխաղացումը, դեռ շարունակում են մնալ սեղանի վրա: Առիթից օգտվելով` մաղթում եմ Ձերդ գերազանցությանը առողջություն եւ երջանկություն, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն եւ բարեկեցություն»,-ասվում է Թուրքիայի կառավարության ղեկավարի ուղերձում:
Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` իր նշանակման կապակցությամբ շնորհավորանքին ի պատասխան, Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հղած շնորհակալական խոսքում անդրադարձել է նաեւ Էրդողանի կողմից երկխոսության, երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ասված խոսքերին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ ինձ հղած ջերմ շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար: Համոզված եմ, որ անձնական շփումների միջոցով միասին կարողանալու ենք նպաստել մեզ մտահոգող բոլոր հարցերի կարգավորմանը:
Ցանկանում եմ վերահաստատել կառուցողական երկխոսության եւ մեր երկրների միջեւ առանց նախապայմանների բնականոն հարաբերությունների հաստատման Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Կարծում եմ, որ մենք Ձեզ հետ միասին ունենք փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման պատմական առաքելություն, առանց որի դժվար է երկխոսությունը եւ գոյություն ունեցող խնդիրների լուծումը: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր ջանքերը միտված են լինելու տարածաշրջանում խաղաղության, հանդուրժողականության եւ կայունության ապահովմանը: Օգտվելով առիթից` Ձերդ գերազանցությանն եմ հղում խորին հարգանքներիս հավաստիքը», ասվում է Տ.Սարգսյանի պատասխանում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: