28 ապրիլի 2008 - 15:15 AMT
Էլմար Մամեդյարով. «Բաքուն մշտապես է առաջխաղացում ակնկալում ղարաբաղյան գործընթացից»
Մայիսի 6-ին Ստրասբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հավանաբար, ճանաչողական բնույթ կկրի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Առաջին հերթին, նրա խոսքերով, ծանոթությունը ենթադրում է այն, որ հարկավոր է տեսնել, թե ինչպես է արձագանքում Հայաստանի նոր ղեկավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Մենք, անշուշտ, հուսով ենք, որ Հայաստանի դիրքորոշումն առավել կառուցողական կլինի հակամարտության կարգավորման համատեքստում: Իսկ այն բանի ըմբռնումը, որ հարցի շուծումը պետք է բխի միջազգային իրավունքի նորմերից, կաճի»,-հայտարարել է Է.Մամեդյարովը:

Պատասխանելով այն հարցին, թե ակնկալվում է արդյոք ինչ-որ առաջխաղացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2008 թվականին, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է. «Մենք միշտ ենք ակնկալում, որ առաջխաղացում կլինի, քանի որ հակամարտությունն առկա է եւ շարունակվում է: Եվ ժամանակն այս դեպքում չի աշխատում այն բանի օգտին, որ հակամարտությունը կարող է ինքն իրեն կարգավորվել` կարգավորման համար ջանքեր են անհրաժեշտ»:

«Վերջին ամիսներին այն ընկալումը, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, նոր հաստատում ստացավ: Մասնավորապես, այդ մասին է ասվում նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ընդունած բանաձեւում, եւ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, եւ ընդհանուր առմամբ Մինսկի խմբի անդամ երկրների եւ համանախագահների հայտարարությունների մեջ: Մենք կարծում ենք, որ Հայաստանի նոր ղեկավարության համատեքստում ժամանակը պետք է օգտագործել գիտակցելու համար, որ հակամարտությունը հարկավոր է լուծել միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-գտնում է Է.Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: