28 ապրիլի 2008 - 16:18 AMT
«The Guardian». Ժամանակը չէ՞, որ Թուրքիան ձերբազատվի ազգայնամոլությունից, հպարտությունից, վախից եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ժամանակը չէ՞ արդյոք, որ Թուրքիան ճանաչի այդ ոճրագործությունն ու փակի հարցը»,-գրում է Հարրի Հակոբյանը բրիտանական «The Guardian» թերթում: Նա հիշեցնում է, որ 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սիստեմատիկաբար եւ նպատակաուղղված ոչնչացրել է կայսրությունում բնակվող հայերին : «Սպանվեց շուրջ 1 մլն հայ: Աշխարհի շատ պատմաբաններ անվանում են այդ հանցագործությունը XX դարի առաջին Ցեղասպանություն: Այդ օրն ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում»,-ասվում է հոդվածում:

Հակոբյանը պատմում է իր տատիկի պատմությունը, որն այն ժամանակ 6 տարեկան է եղել, եւ որը հիշում է Ստամբուլից անապատ տանող 600 կիլոմետրանոց ճանապարհի բոլոր սարսափները: Ամբողջ ընտանիքից ողջ են մնացել միայն նա եւ իր քույրը, նրանց երկուսին փրկել են բեդվին արաբները, իսկ հետո նրանց տեղափոխել են բրիտանական հյուպատոսություն: Այդ պատմությունը պատմել է Մանիկ Դոբաջյան-Գույումջյանը, իսկ գրի է առել նրա դուստրը` Աիդա Գույումջյանը Սիեթլից ԱՄՆ-ի Հոլոքոսթի կենտրոնի համար:

«Որպես հայ, որը ծնվել է մեր պատմության այդ սարսափելի շրջանից հետո, ես միշտ զարմացել եմ, թե ինչպես են մեր նախնիները, չնայած բոլոր տառապանքներին, հուսացել եւ հավատացել: Թե ինչպես են Ցեղասպանության զոհերը` լքված, միայնակ, ուժ գտել նորմալ կյանք սկսելու համար: Ժամանակը չէ՞, որ Թուրքիան ձերբազատվի ազգայնամոլությունից, հպարտությունից, վախից եւ ճանաչի իր պատմության այդ սեւ էջը: Ժամանակը չէ արդյո՞ք, որ հայերն ու թուրքերը առաջ շարժվեն եւ փորձեն գտնել այդ հարցի լուծումը»,-ասվում է «Հիշելով Անատոլիան. 1915» հոդվածում: