Իրադրությունն առաջնագծում կայուն հանգիստ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ լարվածության հնարավոր աճ, ըստ իրենց կանխատեսմամբ, կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
«Ադրբեջանից բացեիբաց հայտարարում են, որ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը ռազմական ճանապարհ է, որն արվել է հարյուրամյակին նվիրված տոն օրվա առթիվ, որին մանակցում էին հրավիրվածներ տարբեր երկրներից», - ասել է Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով` 2018-ի մարտ ամսվանից հակառակորդն ակտիվացրել է մարտական պատրաստվածությունը: «Նկատելի են դարձել զրահատանկային զորավարժությունները, անցկացվել են նաև առանձին զորավարժություններ», - նշել է Մնացականյանը:
Նա նշել է նաև, որ հակառակորդի բոլոր գործողությունները վերահսկվել են: «Համապատասխան եզրահանգումներ ենք արել, ցուցուցմներ տվել», - ասել է ՊԲ հրամանատարը:
Նրա խոսքով՝ ավելի հաճախակի են դարձել մարտավարական ավիացիայի թռիչքները` ի տարբերություն նախորդ տարիների:
«Հրադադարի պահպանման ռեժիմով ունենք կտրուկ նվազում բոլոր ուղղություններով, կարելի է ասել, որ խախտումնեը միայն հրաձգային զենքից են, ընդհանուր վերլուծելով՝ կարող ենք ասել, որ առաջնային գծում իրադրությունը կայուն հանգիստ է, բայց լի` հնարավոր լոկալ դեպքերից վերածվելու ավելի լայնամասշտաբ գործողությունների», - ասել է նա:
Հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: