29 ապրիլի 2008 - 16:09 AMT
Սթիվեն Հարպեր. Հուսով ենք, որ Հայաստանն ու Թուրքիան հանդուրժողականությամբ եւ բաց դիրքորոշմամբ կղեկավարվեն հարաբերությունները զարգացնելու համար
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտարարությամբ է հանդես եկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Կանադայի Հայ Դատի հանձնախմբում, Սթիվեն Հարպերի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր մենք հիշում ենք ահավոր կորուստները Օսմանյան կայսրության անկման շրջանում եւ հայ ժողովրդի հատկապես սարսափեցնող տառապանքները: Ես ցանկանում եմ հիշեցնել կանադացիներին, որ Կանադայի խորհրդարանի պալատները բանաձեւ են ընդունել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու շուրջ: Ապրիլի 24-ն ստիպում է մեզ հիշել` ինչու մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երաշխավորվի մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների գերազանցությունը:
Այսօր հայ եւ թուրքական ծագում ունեցող կանադացիներն ապրում են միմյանց կողքին եւ կիսում են հանդուրժողականության եւ բաց դիրքորոշման արժեքները: Մենք հուսով ենք, որ այդ արժեքներով ղեկավարվելու են Հայաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները զարգացնելու համար: Այս Հիշատակի օրը մենք հարգում ենք մարդկանց, ովքեր պատմական իրադարձությունները հետազոտելու խիզախություն ունեն համընդհանուր ըմբդռնման հասնելու համար»: