
Ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպմանը, որոնք ներկայացնում են ազգային փոքրամասնությունների 11 համայնք:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը և այն պահպանելու անհրաժեշտությունը:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ազգային փոքրամասնություններին ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ: