
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է, հայտնում է Aysor.am-ը:
Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ ցանկանում են հանդիպել, մինչդեռ թե ԱՄՆ նախագահի, թե ՀՀ վարչապետի օրակարգերը խիստ հագեցած են:
«Այժմ հանդիպման համար հնարավոր պատուհան են փորձում գտնել, սակայն այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ», - նշել է նա՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից:
Ավելի վաղ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: