30 ապրիլի 2008 - 16:07 AMT
Բարակ Օբաման խոստացել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Իլլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA, այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 93-ամյակի կապակցությամբ սենատորի ապրիլի 28-ին ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված ուղերձում: «Հայերի դեմ կատարված այդ սարսափելի իրադարձությունը Ցեղասպանություն ճանաչելը չափազանց կարեւոր է եւ անհրաժեշտ, եւ ես կսատարեմ Ամերիկայի հայ համայնքին որպես Ցեղասպանություն այն ճանաչելու Թուրքիայի կառավարությանն ուղղված կոչերին»,-նշել է Օբաման:

«Ամերիկայի հայ համայնքը գնահատում է սենատոր Օբամայի հետեւողական եւ սկզբունքային դիրքորոշումը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հարկավոր է վերջ դնել մարդկության դեմ այդ սարսափելի հանցագործության ամոթալի ուրացման արշավիին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: