2 մայիսի 2008 - 15:31 AMT
Սերգեյ Մինասյան. Լարվածությունը վրաց-աբխազական հակամարտության գոտում ոչ մի լավ բան չի բերի Հայաստանին
Ակտիվ մարտական գործողությունների հնարավորությունը վրաց-աբխազական հակամարտության գոտում քիչ հավանական է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Վրաստանի գծով փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, այս հարցում շատ ամուր են արտաքին սահմանափակումները: «Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՆԱՏՕ-ն թույլ չեն տա Վրաստանին պատերազմ սկսել: Ռուսաստանը գիտակցաբար է սրում իրավիճակը` օգտագործելով աբխազական գործոնը խաղաղապահների թվաքանակի ավելացման համար: Իսկ վրացական կողմը փրոձում է խաղալ արտաքին դաշտում` քաղաքական շահ ստանալու համար խորհրդարանական ընտրությունների շեմին: Նույն կերպ վարվեց Մ.Սահակաշվիլին անցյալ տարվա հոկտեմբերին ընդդիմության ակցիաներից առաջ: Ես չեմ կարծում, թե ռուս խաղաղապահների քանակը մինչեւ 3000-ի հասցնելը, կարող է դետոնատորի դեր կատարել»,-նշել է Մինասյանը:

Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ եթե պատերազմ սկսվի, ապա այն կտարածվի նաեւ Հարավային Օսեթիայի վրա եւ այդպիսով, սպառնալիքի տակ կհայտնվի տարածաշրջանային անվտանգությունը, ինչն Արեւելքը թույլ չի տա: «Հայաստանի համար իրավիճակի նման զարգացումը ոչ մի լավ բան չի բերում` հաշվի առնելով հաղորդակցությունների կարեւորությունն ու հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վրաստանում Հայաստանն ընկալվում է որպես բացառապես ռուսամետ երկիր, սակայն իրականում մենք չեզոք դիրք ենք զբաղեցնում»,-ասել է հայ փորձագետը:

Նշենք, որ ՌԴ-ի իշխանությունները մեղադրեցին Վրաստանին այն բանում, որ նա հիմք է պատրաստում Աբխազիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: «Վրացական բանակային եւ ոստիկանական ստորաբաժանումների ընդհանուր քանակը Քոդորի կիրճի վերին մասում արդեն գերազանցում է 1500-ը»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ:

Սակայն Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին գտնում է, որ դա «բացահայտ ապատեղակատվություն է, որի նպատակն է լարվածություն ստեղծել հակամարտության գոտում»:

Ապրիլի 29-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ խաղաղապահ ուժերն Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում կավելացվեն, ինչպես նաեւ, որ «Վրաստանի ուժ կիրառելու ցանկացած փորձ համարժեք եւ կոշտ պատասխան կստանա»: