2 մայիսի 2008 - 17:23 AMT
Քանի դեռ Թուրքիան հերքում է Հայոց ցեղասպանությունը, այն ի վիճակի չէ հասկանալու` ինչ է ժողովրդավարությունը
Թուրքական կառավարության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքումը աջակցում է թուրքերի հաջորդ սերունդների գիտակցությունում անցյալի մասին թյուր կարծիքի ձեւավորմանը, ինչպես նաեւ արդարացման նախադեպ է ստեղծում աշխարհում կատարվող բոլոր հանցագործությունների համար, գրում է Էդվարդ Պապելյանը «Global Politician»-ում հրապարակված հոդվածում` «Թուրքիան իրականության աչքերին նայելու ընդունակ չէ»: «Թուրքերի ապագա սերունդները մի օր բախվելու են Հայոց ցեղասպանության խնդրին: Քանի դեռ Անկարան շարունակում է դիվանագիտական պատերազմ տանել եւ համարել միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը սադրանք կամ ազգային ինքնագիտակցման նվաստացում, այն այդպես էլ չի հասկանա եւ չի կարողանա հասկանալ` ինչ է մարդասիրությունը, ժողովրդավարությունը, համաձայնությունը քաղաքակիրթ հանրությունում, Եվրոպան եւ հիշատակի մշակույթը: Այդ պատճառով, ժամանակն է, որպեսզի Թուրքիան հայելու մեջ նայի»,- ասվում է հոդվածում:
Բացի այդ, հոդվածի հեղինակը կոչ է անում Թուրքիային հասկանալ, որ թուրք քաղաքական գործիչների մասին մտացածին պատմությունները, թուրքական պետության գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի վրա, իսկ Հայոց ցեղասպանության հերքման մեխանիզմը արդեն հնացել է: «Կոսմետիկ բարեփոխումներն ու փոփոխությունները քրեական օրենսգրքում անիմաստ են եւ ոչինչ չեն փոխի: Պետք է փոխվի թուրք քաղաքական գործիչների մտածողությունը, այլ ոչ թե Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստերը: Այն, ինչ եղել է հայերի հետ, եղել է եւ մնում է Ցեղասպանություն»,- գրում է Էդվարդ Նալբանդյանը:
Հոդվածում նաեւ շոշափվել է խոսքի ազատության հարցը ժամանակակից Թուրքիայում, որտեղ, ըստ հեղինակի, անկախ պատմաբաններն ու լրագրողները չեն կարող հանգիստ ապրել, հատկապես, եթե նրանք անդրադառնում են Հայոց ցեղասպանության թեմային, որը չի համապատասխանում թուրքական կառավարության պաշտոնական դոգմային: Լրագրողը նշել է, որ փորձերը գնահատվում են հայրենիքի դավաճանություն եւ թուրքական ինքնագիտակցման նվաստացում: Այդ համատեքստում Էդվարդ Պապելյանը հիշեցնում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուկի քրեական հետապնդումը: