Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է լրիվ ծավալով քննություն իրականացնելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագծի ապահովումը պարզապես փախուստի դիմելու հավանականությունը բացառելն է: Բայց մոռացվում է երկրորդ առավել կարևոր հանգամանքը, որ պատշաճ վարքագծի բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որ կարողանանք լրիվ ծավալով քննություն իրականացնել»,-նշել է ՀՔԾ պետը:
Ավելի վաղ, Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ. մեղադրանքի համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, լրագրողների հետ հանդիպմանը, Մարտի 1-ի գործով Քոչարյանի կալանավորման որոշումը համարել է ապօրինի: Նա հայտարարել է, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով, հայտնել է 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:
Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։