ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ ստորագրել են գլխավորապես Հանրապետական խմբակցության պատգամավորները, այն ստորագրել են նաև ՀՅԴ-ից: Այդ մասն հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այս ստորագրություններով նրանք երաշխավորում են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա Ռոբերտ Քոչարյանի կողմից», -նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ այնտեղ կա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ստորագրությունը, երկու փոխնախագահների ստորագրությունները, որի մասին իրենք էլ են հայտնել:
«Ստորագրաթերթիկը մեծ հաշվով ամփոփված է: Ճնշող մեծամասնությունը Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են: Կան մարդիկ նաև այլ խմբակցություններից, մասնավորապես` Դաշնակցություն խմբակցությունից», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշել է, որ անուն առ անուն կներկայացնի ստորագրողներին, երբ պատգամավորների հետ հարցը համաձայնեցվի:
«Զուտ էթիկական նկատառումներից կհամաձայնեցնեմ, որ իրենք թույլ են տալիս իրենց անունները ասել: Թեև այդտեղ որևէ գաղտնի բան չկա», - ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:
Ազգային ժողովի ավելի քան 40 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։