8 մայիսի 2008 - 16:22 AMT
ՌԴ Պետդուման հաստատել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում
Պետդումայի պատգամավորները մայիսի 8-ի լրացուցիչ նիստում իրենց համաձայնությունն են տվել վարչապետի պաշտոնում Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի նշանակմանը: Նիստին ներկա 448 պատգամավորներից 392-ը կողմ են քվեարկել վարչապետի պաշտոնում Պուտինի հաստատման օգտին, 52-ը` դեմ են եղել:
Պուտինի թեկնածությունը Դումայի քննարկմանն է դրվել նախօրեին երկրի նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից: Ընդ որում Մեդվեդեւը ստորագրել է կառավարության պաշտոնաթողության մասին հրամանագիրը: Այդ նույն փաստաթղթով, նա հանձնարարել է նախարարների կաբինետին շարունակել գործել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:
Դումային թեկնածուին ներկայացնելու համար անձամբ ժամանել է նախագահ Դ.Մեդվեդեւը: Հինգրոպեանոց ելույթում նա գովաբանել է Պուտինի գործունեությունը նախագահի պաշտոնում եւ հավաստիացրել է, որ «մեր համագործակցությունը, մեր տանդեմը միայն կամրապնդվի»: Դ.Մեդվեդեւը դիմել է Պուտինին` խնդրելով գլխավորել կառավարությունը նախագահ ընտրվելու դեպքում նախագահի պաշտոնում իր առաջադրումից անմիջապես հետո անցյալ տարվա դեկտեմբերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: