8 մայիսի 2008 - 16:29 AMT
Տիգրան Սարգսյանը Պիտեր Սեմնեբիի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության եւ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության քաղաքական գծով պատասխանատու Սիլվի Բավելարը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականներ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետը հյուրերին ներկայացրել է Հայաստանի եւ նրա նորակազմ կառավարության առջեւ կանգնած հիմնախնդիրներն ու առաջիկա մարտահրավերները, դրանց դիմակայման եւ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների թվում նա նշել է հատկապես սոցիալական լուրջ խնդիր դարձած գների աճի մեղմման, հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման ու այդ համակարգերի բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, կառավարության ծրագրի իրականացման գործընթացում ընդդիմությանը եւս մասնակից դարձնելու, ձեռնարկվող միջոցառումների հնարավորինս լայն հրապարակայնության ապահովման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին: Կարեւորվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության զարգացումը եւ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի շարունակումը: Վարչապետը նշել է, որ գնաճի խնդիրը կառավարությունը այս օրերին քննարկում է նաեւ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի հնարավորինս արագ որոշակի ծրագրեր իրականացվեն:

Խոսելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին` Տիգրան Սարգսյանը վերահաստատել է նախկինում ասված իր տեսակետը, որ եթե ցանկանում ենք պատասխանատու եւ կառուցողական ընդդիմություն ունենալ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու կառավարություն. «Մենք մեզնից պետք է սկսենք եւ առաջընթացի ապահովման ակտիվ քայլեր իրականացնենք, որպեսզի ժողովուրդը մեզ հավատա: Համոզված եմ, որ առկա խնդիրների այն լուծումները, որ մենք առաջարկում ենք, ավելի լավ լուծումներ են, քան որեւէ մեկը Հայաստանում կարող է առաջարկել: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մարդիկ պատրաստ են մեզ հետ համագործակցել դրանց իրականացման հարցում, ապա մենք մեկնել ենք համագործակցության մեր ձեռքը: Երկար չենք կարող սպասել, որ այդ ձեռքը սեղմեն: Խնդիրները շատ են, իսկ ժամանակը` քիչ, եւ մենք արդեն սկսել ենք քայլեր իրականացնել»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով մարտի 1-ի եւ դրան հաջորդած դեպքերին ու վկայակոչելով նաեւ ՀՀ նախագահի հստակ դիրքորոշումը, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունները շահագրգռված են տեղի ունեցածի անաչառ, համակողմանի քննությամբ: