21 օգոստոսի 2018 - 15:06 AMT
Նախարարը՝ անցումային արդարադատության մասին. Արտակարգ դատարաններ չեն ստեղծվի, Սահմանադրությունը չի խախտվի

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ անցումային արդարադատության ստեղծումը Հայաստանում չի խախտելու ՀՀ Սահմանադրության որևէ կետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Դա լինելու է օրինական», - ասել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայաստանյան դատական համակարգի լրջագույն խնդիրներին, հայտարարել է անցումային արդարադատություն ստեղծելու մասին: