13 մայիսի 2008 - 15:27 AMT
Առաջին անգամ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» տերմինը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատապարտում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի պղծումը Կարդիֆում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Ուելսի հարցերով պետքարտուղար Պոլ Մերֆին Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Պոլ Մերֆին, մասնավորապես, հայտարարել է. «Ես դատապարտում եմ այդ վանդալիզմը: Եւ տվյալ իրադարձությունը վկայում է այն մասին, որ մենք պետք է զգոն լինենք ռասիզմի, բռնության եւ ատելության նման դրսեւորումների նկատմամբ: Ես հուսով եմ, որ այդ հանցագործությունում մեղավոր բոլոր անձինք կձերբակալվեն եւ կպատժվեն, դա գուցե ինչ-որ չափով թուլացնի այդ ահավոր հանցագործության պատճառած ցավը»: «Պոլ Մերֆիի հայտարարությունը հանդիսանում է լուրջ առաջընթացի վկայություն: Նախկին կառավարության նախարարները անհավանական ջանքեր էին գործադրում, որպեսզի խուսափեն «Հայոց ցեղասպանություն» տերմինը օգտագործելուց»,- հայտարարել են «Armenia Solidarity» կազմակերպությունում: