24 օգոստոսի 2018 - 17:25 AMT
Նախագիծ. Հանրային վայրերում ծխելը կտուգանվի 50,000 դրամով, գովազդը՝ 800,000-ով

Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50,000 դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800,000: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200,000 դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չձեռնարկի իրավախախտման կանխարգելման համար:

Նանուշյանն ասել է, որ հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում:

«Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500,000 դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800,000 դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշել է Նանուշյանը:

Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում:

2018-ի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել էր հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: