13 մայիսի 2008 - 17:40 AMT
Թուրք պատմաբանների հայտարարությունները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, պետք րէ լուրջ ընդունել
Թուրք պատմաբանների հայտարարությունները, մասնավորապես, Թուրքական պատմական միության նախագահ Յուսիֆ Խալաչողլուի խոսքերը Հայոց ցեղասպանության փաստերի «կեղծման» մասին, չարժէ լուրջ ընդունել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Իբր իրենց մոտ եղած փաստաթղթերի մասին պնդումները Թուրքիայի հերթական քարոզչական հնարքն է: Բազմաթիվ անգամներ ասվել է, որ ակադեմիական շրջանակներում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ չի դրվում: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության կեղծումը ապացուցող փաստաթղթերին, որոնք, ըստ Խալաչողլուի, հավաքվել են տարբեր երկրներից, ապա դա եւս սուտ է: Կան գերմանական, բրիտանական եւ ամերիկյան արխիվների փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում: Իսկ ընդհանրապես, Յուսիֆ Խալաչողլուն Օսմանյան շրջանի լավ մասնագետ է, եւ նա Թուրքիային ավելի մեծ օգուտ կբերեր, եթե զբաղվեր այդ շրջանի հետազոտությամբ»,- ասել է Սաֆրաստյանը:

«Թուրքական պատմական հասարակությունը 100 հազար արխիվացված փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն չի իրականացվել օսմանյան թուրքերի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին»,- հաղորդել է միության նախագահ Յուսիֆ Խալաչողլուն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: Խալաչողլուն նշել է, որ Թուրքական պատմական միությունը նյութեր եւ տեղեկատվություն է հավաքել տարբեր երկրներից, հաղորդում է 1news.ru-ն: