13 մայիսի 2008 - 19:57 AMT
Հայաստանի քաղաքացիները լքում են Լիբանանը
Մայիսի 13-ին Հայաստանի չորս քաղաքացիներ, ովքեր ցանկություն են հայտնել լքել Բեյրութը, Հայաստանի դեսպանատան դիվանագիտական մեքենայով տարվել են սիրիա-լիբանանյան սահմանի մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: «Հայաստանի քաղաքացիները վերադառնում են Երեւան Երեւան-Հալեպ չվերթով, որը իրականացնում է «Արմավիա» ընկերությունը»,- ասել է նա: Տիգրան Բալայանը նաեւ նշել է, որ իրադրությունը Լիբանանում կարգավորվում է:

Մայիսի 10-ին Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան կոչ է արել զինվորականներին վերականգնել կարգուկանոնը ողջ երկրում եւ հասնել նրան, որպեսզի փողոցներում զինված մարդիկ չլինեն: Հեռուստատեսային ուղերձում Սինիորան հայտարարել է, որ կառավարությունը երբեք պատերազմ չի հայտարարի «Հեզբոլահին»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ պետությունը չի հանդուրժի այն փաստը, որ խմբավորումը զենք է կիրառում:

Վարչապետի ելույթից մի քանի ժամ առաջ «Հեզբոլահի» գրոհայինները լքել են Բեյրութի արեւմտյան շրջանների փողոցները, որոնք հայտնվել էին նրանց վերահսկողության տակ: Երեք օր շարունակվում էին զինված բախումները գրոհայինների եւ իշխանության զինվորականների միջեւ: Արդյունքում զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, հիմնականում` խաղաղ բնակիչներ: Բացի այդ, զինված բախումները Տրիպոլիում եւս խլել է նվազագույնը երեք մարդու կյանք: